Are-you-ready

Թիմ ղեկավարելու առաջարկը հաճախ գրավիչ է։ Շատերս մշտապես ձգտում ենք այդ առաջընթացին, փորձում ենք ավելի լավ կատարել աշխատանքը, լավ արդյունքներ գրանցել՝ ակնկալելով առաջխաղացում։

Եվ մի օր գալիս է այն պահը, երբ դու ստանում ես այդ առաջարկը։

Պատրա՞ստ ես դառնալ ղեկավար։

Եթե դու ստացել ես նման առաջարկ կամ ոչ վաղ անցյալում ստանձնել ես ղեկավարի դեր, ապա այս հարցերը քեզ համար են։ Պատասխանելով նշված հարցերին, կարող ես տեսնել, թե որքանով ես պատրաստ թիմ ղեկավարել։

  1. Ինչպե՞ս կգնահատես քո հաղորդակցման ունակությունները։
  2. Կարողանում ես սահմանել և թիմակիցներին տալ հստակ ուղղություններ և առաջադրանքներ։
  3. Բացի ուշադիր լսելուց, կարողանում ես նաև ճիշտ հասկանալ թիմակիցներին և ցուցաբերել էմպատիա (ապրումակցում)։
  4. Ճանաչում ես դիմացինիդ։ Կարողանում ես լինել համոզիչ ու ստանալ դիմացինի աջակցությունը։
  5. Ունես հստակ խոսք, մտքերդ արտահայտում ես այնպես, որ քեզ հեշտ է հասկանալ։
  6. Կարողանում ես պլանավորել և կազմակերպել աշխատանքը, հետևել առաջընթացին։
  7. Կարողանում ես աշխատանքի բաշխում իրականցնել թիմակիցների միջև՝ միևնույն ժամանակ պատասխանատվություն կրելով արդյունքների համար։
  8. Կարողանում ես սեղմ ժամկետներում արդյունավետ որոշումներ կայացնել։
  9. Կարողանում ես անցկացնել արդյունավետ հանդիպումներ և ժողովներ՝ ստեղծելով համապատասխան միջավայր։
  10. Ունես վերլուծելու ունակություն․ կարողանում ես հավաքագրել անհրաժեշտ տեղեկություն և տրամաբանական եզրահանգումներ կատարել՝ ելնելով ստացված տեղեկություններից։
  11. Աշխատում և համագործակցում ես թիմակիցների հետ, երբ նրանք հաջողակ են և, հակառակը, երբ նրանց կատարողականն անբավարար է։
  12. Կարողանում ես հեշտությամբ տրամադրել և ստանալ հետադարձ կապ։
  13. Ժամանակին արձագանքում ես խնդիրներին և կոնֆլիկտային իրավիճակներին։
  14. Ժամանակի կառավարումը և առաջնայնությունների սահմանումը քեզ համար խնդիր չէ։
  15. Հեշտ չես հանձնվում․ դժվարությունները քեզ հետ չեն պահում։
  16. Յուրաքանչյուր թիմակից ծանոթ է բաժնի և ընկերության տեսլականին, նպատակներին և գիտի, թե դեպի ուր եք շարժվում։
  17. Յուրաքանչյուր թիմակից հստակ գիտի, թե ո՞րն է իր դերը և թե որո՞նք են իր առաջադրանքները։
  18. Խրախուսում ես թիմակիցների զարգացումն ու առաջընթացը։
  19. Կարողանում ես ստեղծել փոխվստահության և թիմային աշխատանքի մթնոլորտ, խրախուսում ես աշխատակիցներին։
  20. Ծանոթ ես թիմակիցների գործունեությանը և անհրաժեշտության դեպքում աջակցում ես նրանց ։

Ղեկավարի դերը բազմաբովանդակ է և ունի բազմաթիվ մարտահրավերներ։ Եթե նշված հարցերի մեծամասնությանը դու տվեցիր դրական պատասխան և ոգևորվեցիր՝ քեզ պատկերացնելով որպես ղեկավար, ապա հնարավոր է, որ թիմ ղեկավարելը հենց քեզ համար է։

Հնարավոր է նաև, որ քեզ մոտ առաջացավ որոշ հարցերի շուրջ ավելի խորքային մտածելու և որոշ իրավիճակներ քննարկելու զգացողություն։ Եթե այդպես է, մենք սիրով կպատասխանենք քո նամակին կամ զանգին։