10-anti-tips

1․ Թրեյնինգին գնացեք առանց նյութը նայելու․ լավագույն թրեյներները նրանք են, ովքեր կարող են իրավիճակից դուրս գալ տեղում։ Կարևորը համոզվեք, որ ձեզ հետ վերցրել եք երկու տարի առաջ պատրաստած սլայդները՝ Times New Roman տառատեսակով։

2․ Թրեյնինգին ներկայացեք ճիշտ ձեր կողմից նշված ժամին․ միևնույն է մասնակիցները մոտ 15-20 րոպե ուշանում են։ Հենց այդ ժամանակն էլ կօգտագործեք համակարգիչը պրոեկտորին միացնելու ու տեխնիկան պատրաստելու համար։ Եթե տեխնիկայից որևէ բան չի աշխատում՝ անվրդով դեմքով հայտարարեք, որ այսպիսի խնդիրները հաճախակի են, քանի որ տեխնիկան սպասարկող անձնակազմը տգետների հավաքածու է։ Լուծում չգտնելու դեպքում ցրեք խումբը և պայմանավորվեք ուրիշ օրվա համար։

3․ Ինքնավստահ, բանիմաց ու ճանաչված թրեյների տպավորություն թողնելու համար աշխատեք որքան հնարավոր է երկար չնայել մասնակիցներին, այլ կենտրոնանալ սլայդների տեքստի վրա․ դրանք ավելի կարևոր են։ Եթե հանկարծ, ինչ-ինչ պատճառով, ձեր հայացքը հանդիպեց մասնակիցների աչքերին, ընտրեք միայն մեկ մարդու և ամբողջ թրեյնինգի ընթացքում կենտրոնացեք նրա վրա՝ մանավանդ, եթե նա ամեն ասածի հետ գլխի դրական շարժում է անում։ Պետք չէ, որ մյուսներն առիթավորվեն։

4․ Ավելի տպավորիչ լինելու համար, ամեն անգամ, սլայդները փոխելու ժամանակ, հեռակառավարման վահանակն ուղղեք սպիտակ պաստառին, որպեսզի մասնակիցների մոտ տպավորություն առաջանա, թե դուք օգտագործում եք խելացի պաստառ։ Չմոռանաք, որ սլայդներում տեղադրված տեղեկությունը պետք է լինի շատ մանրամասն գրված, որպեսզի նյութից ոչինչ բաց չթողնեք։ Եթե գրվածը շատ մանր է, տեքստը կարդացեք համակարգչի էկրանից։

5․ Թրեյնինգի հագուստը պետք է ձիգ նստի ձեր մարմնին այնպես, որ թեթև պպզելու կամ մի փոքր կռանալու դեպքում առաջանա փոքրիկ բացվածք։ Թրեյների մարմնի կառուցվածքը, զարդերն ու շպարը ուղիղ ազդեցություն ունեն վերջնական արդյունքի վրա, այնպես որ կրեք շատ զարդեր, երեկոյան շպար, ձիգ հագուստ։

6․ Երբեք մի զիջեք ձեր դիրքը․ եթե հնարավորություն ունեք, ապա թրեյնինգի ամբողջ ընթացքում զբաղեցրեք նստած դիրք։ Այսպես կապահովեք մասնակիցների կենտրոնացումը իրենց սեփական մտքերի, հեռախոսների ու ներքին քննարկումների վրա։

7․ Ձեզ համար տպեք ամբողջ թրեյնինգի նյութը, որպեսզի այն կարդաք և բաց չթողնեք ոչ մի կարևոր կետ, որին ցանկանում եք անդրադառնալ։ Կարդացեք սովորականից ավելի ցածր ու թավշյա ձայնով․ սա թույլ կտա լարել մասնակիցների ուշադրությունը և նրանք չեն քնի։

8․ Այստեղ թրեյները դուք եք, հետևաբար պետք է ապահովել մասնակիցների մինիմալ ներգրավվածություն թրեյնինգի ամբողջ ընթացքում։ Ձեր խոսքի ու սլայդների համադրությունը ուսուցման լավագույն մեթոդներից է։ Խոսեք արագ, որպեսզի տեղավորվեք ժամանակի մեջ։ Ինչքան շուտ ավարտեք թրեյնինգն, այդքան լավ։

9․ Կարևոր չէ, թե ինչ նպատակներ եք սահմանել թրեյնինգից առաջ։ Կարևորը, որ թրեյնինգից հետո մասնակիցները ձեզ շատ սիրեն և հիանան ձեր տեսքով, սլայդներով ու ձեր ներկայացրած կենսագրությամբ։ Միևնույն է ոչ ոք չի ստուգում, արդյոք դուք հասել եք թրեյնինգի նպատակին, թե ոչ։

10․ Թրեյնինգից հետո ոչ մի նյութ մի տրամադրեք մասնակիցներին․ նրանք կպատճենեն ձեր նյութերն ու կտարածեն, իսկ դա դժոխային տանջանք է։ Եթե պնդում են, ապա ասեք, որ նյութերը այս պահին փոփոխության ենթակա են ու եթե հարկ լինի կարող են ևս մեկ անգամ ձեզ հրավիրել թրեյնինգ անցկացնելու։