Մեկ պարզ քայլ ինքդ քեզ լսելու համար։
Արդեն գաղտնիք չէ, որ քոուչինգի պրոցեսը հարց ու պատասխանի, ինքնաբացահայտման, ինքնաճանաչման ու ապագայի “քեզ”-ին ուղղված գործընթաց է։
Տարբեր ազգությունների հետ շփվելիս, հետաքրքիր է ուսումնասիրել մարդկանց առօրյա վարքի արտահայտման տարրերը և կապ փնտրել դրանց առաջացման պատճառների մեջ։
Երբեմն, հայկական ընտանիքում մեծացած հաճախորդների մոտ, նկատվում է այսպես կոչված “գերազանցիկի սինդրոմ” երևույթը կամ ինչպես կուզեք՝ անվանեք։ Բացատրեմ ինչ նկատի ունեմ.
Քոուչինգի հարցերը հիմնականում շատ ավելի խորը կարող են տանել, քան առաջին հայացքից թվում է։
Բայց մենք շատ հաճախ թույլ չենք տալիս ինքներս մեզ այդ խորությունը բացահայտել, որովհետև սովորել ենք, որ եթե հարց է հնչում, պետք է արագ ու ճիշտ պատասխան տալ․ հանկարծ տպավորություն չառաջանա, որ հարցին հստակ պատասխան չունեմ, հանկարծ չմտածեն, որ ես դրա պատասխանը չգիտեմ, հանկարծ չլինի լռության պահ – այն պետք է անպայման լցնել։
Այս երևույթը քոուչինգի գործընթացում բավական խոչընդոտներ կարող է ստեղծել, քանի որ միտքդ բաց չէ այլ պատասխան գտնելու համար։ Դու արդեն գիտես հարցի պատասխանը, այդպես Է տրված «ծրագիրը»։
Ստացվում է, այս ծրագրով ինքդ քեզ թույլ չես տալիս մտածել պատասխանի շուրջ, լսել ներքին ձայնդ, զգալ միկրո էմոցիաներդ և գնալ արդեն սովորական և հայտնի դաշտերից դեպի այլ՝ անհայտ դաշտեր։
Այդ «ծրագիրը» փոխելը շատ ավելի հեշտ է, քան կարող է թվալ։
Պետք է. «ես այդ հարցի պատասխանը գիտեմ» վերաբերմունքից անցնել դեպի «ինձ հետաքրքիր է, ինչ է պտտվում ուղեղումս այդ հարցի շուրջ։ Ես թույլ եմ տալիս ինձ լիարժեք հանգիստ այդ հարցի շուրջ մտածել և ներքին ձայնիս լսել»։
Կարծու՞մ ես կկարողանաս։
Անպայման փորձիր և տես թե այդ «ծրագրի» փոփոխությունն ինչպես է ազդում մտքիդ ընթացքի վրա։