Aristotel-and-our-fears

Վերջերս համացանցում մեծ տարածում գտան Google ընկերության «Արիստոտել» նախագծի մասին պատմող հոդվածներ։
Նախագծի իմաստն էր ընկերության աշխատակիցների շրջանում հարցում իրականացնել և պարզել, թե որ գործոններն են նպաստում ընկերության և վերջինիս թիմերի հաջողությանը։ Արդյունքներն այնքան հետաքրքիր էին, որ տարածվեցին ամբողջ աշխարհով։ Նրանք առանձնացրել էին իրենց թիմերի հաջողությանը նպաստող 5 հիմնական կետ, որոնցից առաջինը հոգեբանական ապահովությունն էր (psychological safety): Այսինքն՝ Google ընկերությունում, թիմերը և նրանց մասնակիցները չեն վախենում սխալվել, չեն վախենում ռիսկի գնալ, կամ արտահայտել նոր մտքեր, քանի որ կա ընդունված մշակութ, որ եթե նույնիսկ սխալվել ես, ապա որևէ մեկը չի համարի, որ դու անհաջողակ ես, գիտակ չես այդ հարցում, անկարող ես։ Որևէ մեկը չի արհամարհի քեզ և չի կարծի, որ դու խանգարում ես թիմի բնականոն աշխատանքին։ Աշատակիցները վստահ են, որ չեն պատժվի գործած սխալների կամ չհաջողված նախագծերի համար։

Երբ մի քանի հոդված կարդացի Google-ի թիմերի մասին, իհարկե, շատ հետաքրքիր էր այդ ամենը պրոեկտել հայկական կամ Հայաստանում գործող կազմակերպությունների վրա։ Բայց ինձ ավելի շատ մտածելու տեղ տվեց այն հարցը, թե մենք ինքներս որքանով ենք մեր համար ստեղծում այդ հոգեբանական ապահովություն։

Պատկերացու, որքանո՞վ ես դու քեզ թույլ տալիս սխալվել առանց վախենալու, որ կմտածեն, թե չհաջողեցիր, չկարողացար, չգիտես ինչպես անել դա։ Ի՞նչ երևույթ է սա։ Հասարակական պահա՞նջ, ինքնախարազանո՞ւմ, թե՞․․․․

Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ մարդիկ ազատ կարող են սխալվել։ Իրականում, որևէ մեկն ինքնակամ չի ցանկանում ձախողել իր իսկ բռնած գործը։ Բայց քանի-քանի գործեր չեն սկսվում զուտ այդ սխալվելու վախի պատճառով։

Հիմա շատ հաճախ ենք լսում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. «Ես չեմ սխալվում, այլ սովորում եմ», «Եթե չես սխալվում, ապա ոչինչ չես սովորում» և այլն։ Բայց ի՞նչ ենք մենք տեսնում գործնականում։ Դեռ վաղ հասակից սա է պատկերը․ մատիտն այդպես մի բռնիր, այլ այսպես, կարմիր գրիչով նշված ուղղումներ տետրի մեջ, գնահատականներ՝ ոչ միայն դպրոցի գնահատականի տեսքով, ընդունված ձևեր, ճշտի սահմաններ և այլն և այլն։

Իսկ ի՞նչ, եթե փոխենք այդ ընդունված ձևերը, փոխենք մտքի ընթացքն ու ուղղությունը։ Չէ որ ամեն ինչ սկսվում է մեր մտքերից։

Օրինակ՝ նոր գործ սկսելիս, եթե հին ձևով մտածես՝. «Տեսնես ո՞նց կստացվի», «Կկարողանա՞մ դա անել, թե ոչ» «Բա, որ չստացվի, ի՞նչ եմ անելու»։

Այս հարցերի փոխարեն սկսիր քեզ տալ հետևյալ հարցերը.

– Ինչն է այս նախագծում ինձ համար լինելու ամենակարևորը։
– Ինչի՞ն եմ ցանկանում հասնել։
– Ո՞րն է իմ նպատակը։
– Ի՞նչ արժեք կստեղծեմ մարդկանց համար այս նախագծով։
– Ի՞նչ հմտություններ ու կարողություններ պետք է սովորեմ այս նախագիծը հաջողելու համար

Նկատեցի՞ր, թե ինչպես է փոխվում ներքին զգացողությունը ու էներգիան։ Հարցերին ավելացրու նաև այն ներքին վստահությունը, որ եթե նույնիսկ չհաջողի, ապա միևնույնն է շնորհակալ կլինես քեզնից՝ քեզ այդ հնարավորությունը տալու և այդ փորձը ձեռք բերելու համար։

Դե ինչ, մի վախեցիր սխալվելուց և տես, թե որքան շատ հնարավորություններ են բացվում քո առաջ։

Author:
Luiza Ries Yengibaryan